Կազմակերպիչներ

Պատմություն

«Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների & ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովը, որը կրճատ անվանվում է «Մեղրի» և նրան կից «Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը» կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների Ինստիտուտի կողմից, որն անցկացվում է երկու տարի պարբերականությամբ և շարունակում է իր գործունեությունը մինչ այսօր Երևան և Մեղրի քաղաքներում:
2009թ. հոկտեմբերի 26-30 անցկացված առաջին գիտաժողովը, որը տեղի ունեցավ Մեղրի քաղաքում մեծ արձագանք գտավ գիտական հանրության շրջանում, ինչը պատճառ դարձավ 2011թ. հոկտեմբերի 16–22 Մեղրի և Երևան քաղաքներում անցկացված երկրորդ «Մեղրի 2011» գիտաժողովի հետ նաև անցկացնել Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը:
2013թ. սեպտեմբերի 09-14 Սևան քաղաքում անցկացվեց համատեղ MEGRI–RREPS-13 գիտաժողովը՝ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների & ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» III միջազգային գիտաժողովը և «Ռելատիվիստական ​​Էլեկտրոնների Ճառագայթումը Պարբերական Կառուցվածքներում» X միջազգային սիմպոզիումը: Այս գիտաժողովին մասնակցել են ավելի քան 120 գիտնականներ աշխարհի տարբեր գիտական կենտրոններից: Գիտաժողովի ավարտից հետո սեպտեմբերի 15-18 անցկացվեց հերթական «Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը» Մեղրի քաղաքում: Հրավիրված դասախոսների և տեղի գիտնականների կողմից կարդացվեցին դասախոսություններ նվիրված Գ. Ասկարյանի կենսագրությանը և գիտական գործունեությանը:
Մինչև 2019թ․կազմակերպված բոլոր գիտաժողովները համակարգել և ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ հիմնադիր, ակադեմիկոս՝ Ա․Ռ․ Մկրտչյանը, ում մեծ միջազգային հեղինակությունը և լայն գիտական կապերը նպաստել են գիտաժողովների բարեհաջող կազմակերպմանը և գիտական հանրության շրջանում դրանց նկատմամբ հետաքրքրության անընդհատ աճին։ Հատկանշական է, որ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանն իր մահկանացուն կնքեց 2019թ․ հոկտեմբերի 22-ին՝ գիտաժողովի անցկացման օրերին։ Վերջին գիտաժողովը և դպրոցն անցկացվեցին 2021թ. հոկտեմբերի 18-24 Երևան և Մեղրի քաղաքներում: Գիտաժողովին մասնակցում էին 6 երկրների մոտ 100 գիտաշխատողներ: Գիտաժողովի կազմակերպումը և ընթացքն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին:
Բոլոր կայացած գիտաժողովների արդյունքներն ամփոփվել են թեզիսների և գիտաժողովների նյութերի ժողովածուների տեսքով, որոնց հետ կարելի է ծանոթանալ մեր կայքում հրապարակումներ հղումով: